Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայաստանից փախչելը վերածվում է ընդհանուր տրենդի

Հայաստանից փախչելը վերածվում է ընդհանուր տրենդի
06.11.2015 | 00:13

Սեպտեմբերի 10-21-ն ընկած ժամանակահատվածում Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցումների արդյունքները, որոնք հրապարակվեցին օրերս, բավականին իրարամերժ ու լայն քննարկումների առիթ են դարձել։ ՈՒ բնական է, քանի որ ամեն օր և ամեն անկախ երկրում չէ, որ պարզվում է՝ երկրի բնակչության կեսից ավելին, տվյալ դեպքում` 54,4 տոկոսը, ցանկություն է հայտնում մտնելու այլ երկրի կազմ։
Բնականաբար, ամենահեշտ բանը, որ կարելի է անել հիմա, ասել, թե սոցիոլոգիական հետազոտությունը կեղծ կատեգորիա է։ Վերջին 20-25 տարիներին Հայաստանում սոցիոլոգիան, ցավոք, հասարակական կարծիքն ուսումնասիրող առարկայից վերածվել է հասարակական կարծիք ձևավորելու կամ քարոզչական գործիքի։ Բնականաբար, մարդիկ նման հարցումներին չեն հավատում։ Բայց, դե՛, հենվել այս թեզի վրա և ի սկզբանե ամեն ինչ մերժելն ամենահեշտ ճանապարհն է։ Ոմանք էլ նշում են, թե Gallup International-ը ոչ մի առնչություն չունի հայտնի Gallup-ի հետ։ Բայց դա սկզբունքային որևէ նշանակություն չունի, քանի որ շատերը համոզված են, որ 54,4 տոկոսն իրոք արտացոլում է այն տրամադրությունները, որ կան Հայաստանի հանրության լայն զանգվածների մոտ։ Հարցումը ցույց տվեց, որ քաղաքացիների միայն 29,9 տոկոսն է կարծում, որ Հայաստանը չպետք է միանա այլ երկրի։ Այսինքն՝ հարցվածների միայն մեկ երրորդն է ցանկանում, որ Հայաստանը մնա անկախ երկիր։ Մյուս 70 տոկոսը, իր նախասիրություններից ելնելով, ցանկություն է հայտնում միանալու կա՛մ Ռուսաստանին (54,4 տոկոս), կա՛մ ԵՄ-ին (11,1 տոկոս), կա՛մ, գուցե, Վրաստանին։
Այստեղ խնդիրը բնավ էլ Ռուսաստանը չէ։ Եթե տարածքային, քաղաքական և տնտեսական տեսանկյուններից մեզ ավելի մոտ լիներ, ասենք, Անգլիան, ապա խոսք կլիներ Անգլիայի մասին։ Պարզ է, որ մարդիկ այնքան են հոգնել երկրում տիրող մթնոլորտից, սոցիալ-տնտեսական իրավիճակից, քաղաքական անորոշությունից, իրավական ամենաթողությունից, արդարության պակասից, մենաշնորհից (այս շարքը կարելի է շարունակել), որ այլևս անկախ ապրելու որևէ հեռանկար չեն տեսնում և այլ ձևաչափեր են փնտրում։
Ստեղծվել է մի իրավիճակ, որ մարդիկ ցանկանում են միայն այստեղից փախչել։ Ընդ որում, ՌԴ-ին միանալ ցանկացողների մեծ թիվը և ԱՄՆ-ում կեցության և աշխատանքի իրավունք ընձեռող, այսպես կոչված, «Գրին քարտի» խաղարկությանը ռեկորդային թվով հայաստանցիների մասնակցությունը ցույց են տալիս, որ շատերի համար սկզբունքային էլ չէ` ուր փախչել։ Փորձում են գնալ այնտեղ, որտեղ կկարողանան ապահովել իրենց ներկան, առավել ևս՝ ապագան։ Սա դժգոհություն է ոչ միայն այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունից (այս ամենը հասունացել է տարիների ընթացքում, բոլոր իշխանությունների օրոք էր նույն իրավիճակը), այլև ընդդիմությունից, վերջինիս անկարող պահվածքից։ Մարդիկ հոգնել են տարին երեք անգամ լսել մոտալուտ իշխանափոխության, հեղափոխությունների ու քաղաքացիական անհնազանդությունների մասին։ Ընդդիմադիր նման պահվածքն ուղղակի գործելաոճ, գոյատևելու, շատերի համար նաև՝ լավ ապրելու ձև է դարձել։ Ընդդիմությունում սերնդափոխության, նոր դեմքերի բացակայությունը, գաղափարների սնանկությունը հանգեցրել են նաև հիասթափության այս դաշտում։ Ընդ որում, սերնդափոխությունը պետք է սկսվի հենց կուսակցությունների ներսից, քանի որ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը, ստեղծվելով դեռևս 90-ականներին, բազմիցս հասցրել է պարտություն կրել բոլոր տիպի համապետական ընտրություններում, բայց դա որևէ կերպ չի անդրադառնում այդ ուժերի լիդերների կարգավիճակի վրա։
Ամենամեծ խնդիրը ներքին և արտաքին քաղաքական կյանքում այլընտրանքի բացակայությունն է։ Արևմուտքը գոնե առայժմ չի կարողանում Ռուսաստանին դառնալ այլընտրանք հիմնաքար հանդիսացող երեք հարցերում՝ ՀՀ անվտանգություն, տնտեսական զարգացում և ԼՂՀ խնդիր։ Թեև Արևմուտքը «փափուկ ուժի» տեխնոլոգիաների կիրառման հարցում Ռուսաստանից շատ ավելի արդյունավետ է աշխատում։ ՌԴ-ն, Ադրբեջանին զենք վաճառելով, Պերմյակովի գործով, ռուսական կապիտալով որոշ ընկերությունների (մասնավորապես, ՀԷՑ-ի) գործունեության տապալմամբ հանդերձ, Հայաստանում շատերի համար նյարդայնացնող գործոն է դարձել, սակայն, այդուամենայնիվ, լուրջ այլընտրանք նշված երեք կետերի շուրջ Հայաստանում չեն տեսնում։
Եվ այս հարցումը, ինչպես նաև «Գրին քարտի» խաղարկությունը ցույց են տալիս, որ այն, ինչ անում են իշխանությունները, բացարձակապես ադեկվատ չէ երկրի ներկա իրավիճակին։
Այսօր իշխանությունները լծված են սահմանադրությունը փոխելու գործին, համարում են, որ դա արվում է անկախ պետության ամրապնդման համար, սակայն այդ անկախ պետության սուբյեկտները, բացարձակ անտարբեր լինելով Հայաստանում տեղի ունեցողի նկատմամբ, թողնում գնում են։ Սա է փաստը, և սա ամենավտանգավորն է։
Ժողովուրդը դիմում է մասսայական փախուստի՝ ով որտեղ կարող է։ Մթնոլորտն այնպիսին է, որ օր առաջ Հայաստանից փախչելը վերածվել է ընդհանուր տրենդի։

Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 59056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ